Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Մաշկի գարնանային խնամքը

Մաշկի գարնանային խնամքը

Մաշկը գարնանը հատուկ խնամքի կարիք ունի, որի միջոցները ներկայացնում է դեղագործ-կոսմետոլոգ Ելենա Սիմոնյանը:

Դեմքի մաշկը այրվելուց, վաղաժամ ծերացումից ու գրգռվածությունից պաշտպանելու համար պետք է օգտագործել պաշտպանիչ, սնուցող, մաքրող միջոցներ:

 

Չոր մաշկը մաքրելու համար խորհուրդ է տրվում դեմքը լվանալ հանքային ջրով: Ավելի լավ է հրաժարվել օճառից և օգտագործել հատուկ փրփուրներ կամ խոնավացնող միջոցներ: Չպետք է թողնել, որ դեմքն ինքնուրույն չորանա, քանի որ ջրի գոլորշիացման հետ ջրազրկվում է նաև մաշկը: Ավելի խորը մաքրում կատարելու նպատակով բավարար է շաբաթը մեկ անգամ մաշկը մաքրել, մեռուկացած շերտերը հեռացնել համապատասխան քսուքներով:

 

Մաշկի բոլոր տեսակներին կարելի է եղինջով դիմակ դնել. երեք ճաշի գդալ չորացրած եղինջի տերևների վրա ավելացնել մի քիչ եռացրած ջուր, այնքան, որ ստացվի շիլայանման զանգված ու ջրային բաղնիքում եռացնել 10-15 րոպե: Այնուհետև սառեցնել ու քսել դեմքին: 15-20 րոպե պահելուց հետո դեմքը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով: 

 

Մաշկի սնուցման համար կարելի է շաբաթը 3 անգամ դդումի հյութով դիմակ պատրաստել. մեկ ճաշի գդալ դդումի թարմ հյութին ավելացրեք մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ, մեկ ձվի դեղնուց, 2 թեյի գդալ թթվասեր: Այս ամենը լավ խառնեք ու քսեք դեմքին, 20 րոպե հետո գոլ ջրով լվացվեք:

 

Դեմքի մաշկը կարելի է խոնավացնել և սնուցել նաև բանջարեղենի ու մրգերի հյութերով. վարունգ, լոլիկ, ելակ, ծիրան, դեղձ, ձմերուկ, խաղող և այլն: Վարունգը խոնավացնող, սպիտակեցնող և թարմացնող հատկություն ունի: 

 

  • Վարունգի կեղևը դրեք դեմքին կամ քերած վարունգը լցրեք թանզիֆի վրա, ապա դրեք դեմքին: 
  • Նարնջի թարմ քամած հյութը բամբակյա բարձիկով քսեք դեմքին, պարանոցին, մեկ ժամ հետո սառը ջրով լվացվեք:
  • Երեք ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռը խառնեք մանր կտրատած և լավ ճզմած մաղադանոսի հետ, քսեք մաշկին, 10 րոպե անց սառը ջրով լվացվեք:
  • Մեկական ճաշի գդալ գազարի, կիտրոնի և վարունգի հյութը խառնեք օսլայի հետ, որպեսզի ստացվի թթվասերի թանձրության մածուկ, հաստ շերտով քսեք դեմքին: Չորանալուց հետո սառը ջրով լվացվեք:

 

Կեռասից պատրաստված դիմակներն օգտակար են կնճռոտ և ծակոտկեն մաշկին:

 

Կես բաժակ առանց կորիզի կեռասը տրորեք, ավելացրեք մեկական թեյի գդալ մեղր և կիտրոնի հյութ: Խառնուրդը քսեք դեմքին և վզին, 15 րոպե հետո լվացվեք:

 

Դեղձի հյութը կանխում է մաշկի ծերացումը. մեկ ճաշի գդալ վարսակի ալյուրին ավելացրեք մեկ բաժակ դեղձի հյութ և չեռացրած կաթ, քսեք դեմքին, 20 րոպե հետո լվացվեք սառը ջրով:

 

Մաշկի արյան շրջանառության և տոնուսի բարձրացման լավագույն միջոց է խոտաբույսերից պատրաստած սառցե խորանարդիկներով շփումը: 

 

Պատանիների կորյակավոր մաշկին շատ լավ օգնում է կաղնու կեղևի թուրմը, որը պատրաստեք հետևյալ կերպ. մեկ ճաշի գդալ կաղնու կեղևը լցրեք մեկ բաժակ ջրի մեջ` եռացրեք 15 րոպե, այնուհետև քամեք: Ստացված թուրմը մեկը մեկի հարաբերությամբ խառնեք թուրինջի հյութի հետ ու օգտագործեք որպես դեմքը մաքրող լոսյոն: Այն սառնարանում կարելի է պահել 3 օրից ոչ ավելի:

 

Պեպենների ու պիգմենտային լաքաների գունազրկման, մաշկի սպիտակեցման համար օգտագործվում են մրգային ու բանջարեղենային դիմակներ: Պեպեններին քսեք կարմիր հաղարջի հյութ, չորանալուց հետո` մեկ ձվի սպիտակուցի և 2 թեյի գդալ բորաթթվի խառնուրդ: 10-15 րոպե հետո լվացվեք վարունգի հյութով, որից հետո լվացվեք սառը ջրով, սրբվեք և դեմքին քսեք ձեր մաշկին համապատասխան քսուք:

 

Պեպենները վերացնող, մաշկը մաքրող, թարմացնող, սպիտակեցնող դիմակներ

 

  • Երկու ճաշի գդալ կաղամբի հյութը, մեկ ձվի սպիտակուցը, մեկ ճաշի գդալ կաթը, մեկ թեյի գդալ թթվասերը լավ խառնեք, քսեք դեմքին և պարանոցին, 15-20 րոպե անց լվացվեք գոլ ջրով:
  • Քառորդ բաժակ մածունը, 1-2 ճաշի գդալ տարեկանի ալյուրը խառնեք, ստացված զանգվածը հավասար շերտով քսեք թանզիֆի երկու շերտի վրա, դրեք դեմքին ու պարանոցին, 15 րոպե անց լվացվեք գոլ ջրով:

 

Բացի մաշկի արտաքին խնամքից, պետք է հետևել նաև սննդին, չանտեսելով բնության բարիքները, օրգանիզմի համար խիստ կարևոր վիտամինների և միկրոտարրերի պահուստը լրացնելով թարմ, բնական, էկոլոգիապես մաքուր մրգերի, բանջարեղենի, ուտելի խոտաբույսերի և բազմազան սննդի միջոցով: Ընդհանրապես սննդակարգը մեծապես անդրադառնում է կյանքի որակի վրա:

 

Վիտամիններով հարուստ ըմպելիք

 

  • Երկուական ճաշի գդալ սրոհունդն ու անանուխը և մեկական ճաշի գդալ ուրցն ու կատվախոտի մանրացրած արմատը խառնեք իրար: Մեկ թեյի գդալ խառնուրդը լցրեք բաժակի մեջ, վրան` եռացող ջուր, կափարիչով ծածկեք, 8-10 րոպե հետո մեղրով խմեք:
  • Տասական գրամ հաղարջն ու մասուրը խառնեք, դրանից վերցրեք մեկ ճաշի գդալ, վրան լցրեք եռացող ջուր, կափարիչով ծածկեք, մեկ ժամ հետո քամեք: Խմեք կես բաժակ, օրը երեք անգամ:

 

Վիտամիններով հարուստ խյուս 

 

  • Մեկ լիմոնը, մեկական բաժակ ծիրանի չիրն ու չամիչը, կես բաժակ ընկույզն աղացեք, խառնեք կես բաժակ մեղրի հետ: Ընդունեք մեկ ճաշի գդալ, ուտելուց առաջ, օրը երեք անգամ:

 

Նախաճաշին օգտակար է ուտել, այսպես կոչված`«գեղեցկության նախաճաշը», որը հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով և միկրոտարրերով: Այն հեշտությամբ է յուրացվում և օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը:

 

  • Երկու ճաշի գդալ բոված «Հերկուլեսը», մեկ թեյի գդալ արևածաղկի սերմը, մեկական ճաշի գդալ չամիչն ու թեփով հարստացված, ամբողջական, չկեղևազտված ցորենի ալյուրը, ցանկության դեպքում նաև մեղրը, որևէ տեսակի չիր, հատապտուղներ և այլն, խառնեք եռացող կաթի կամ ջրի հետ ու 15 րոպե հետո կերեք առանց շտապելու:

 

Ձեռքերի մաշկի խնամքի միջոցների ընտրության դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ օրվա ընթացքում դրանք հաճախ են շփվում ջրի, օճառի, տարբեր լվացող միջոցների հետ, ինչպես նաև ենթարկվում տան և դրսի ջերմաստիճանների միջև եղած տարբերության ազդեցությանը: Ձեռքերի մաշկը, բացառությամբ ներբանների, մարմնի մյուս մասերի մաշկի համեմատությամբ ավելի չոր է, ուստի դրանց ամենօրյա խնամքը պետք է սովորություն դառնա:

 

Ձեռքերի մաշկի ջրաճարպային հավասարակշռությունը կարելի է կարգավորել` օգտագործելով բնական յուղեր պարունակող քսուքներ, քանի որ դրանք շատ մոտ են ճարպագեղձերից արտադրվող ճարպին: Այդպիսիք են, օրինակ, խաղողի, ծիրանի կամ դեղձի կորիզներից ստացված յուղերը:

 

Արմունկները մարմնի այն հատվածներն են, որոնք ամենաշատն են ենթարկվում արտաքին միջավայրի ազդեցությանը: Մաշկի սնուցման և հարթեցման համար կարելի է դրանց կիտրոնի հյութ քսել և մի քիչ պահել ձեթի մեջ: Իսկ առհասարակ ոչ միայն ձեռքերի, այլև ամբողջ մարմնի համար հիանալի մաքրող միջոց է սուրճի մրուրին խառնած մեղրն ու թթվասերը:

 

Եղանակային փոփոխությունների ժամանակ ձեռքերի մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի: Սնուցող միջոց է մեղրի, ձվի դեղնուցի ու անուշադրի սպիրտի խառնուրդը: Այն քսում են մաքուր ձեռքերին, 30 րոպե անց լվանում գոլ ջրով:

 

Ձեռքերի մաշկի համար շատ օգտակար է գազարից պատրաստված խյուսը. քերած գազարին և ստացված հյութին խառնեք մեկ ճաշի գդալ թթվասեր, մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ և լավ խառնեք, քսեք ձեռքերին:

 

Կարտոֆիլից պատրաստված խյուսը հարթեցնում է մաշկը և օգնում մանր ճաքերի վերացմանը:

 

Կեղևով եփած կարտոֆիլը տրորեք, ավելացրեք 50 գրամ կաթ և մեկ թեյի գդալ ձեթ: Ձիթապտղի յուղը շատ արագ վերականգնում է ճաքճքված մաշկը: Մի թափեք այն ջուրը, որի մեջ կարտոֆիլ կամ բրինձ եք եփել: Դրանք հակաբակտերային և փափկեցնող միջոցներ են: Եթե ամեն օր ձեռքերը 5 րոպե պահեք կարտոֆիլի թուրմի մեջ, ապա մաշկը կլինի նուրբ, իսկ եղունգները` ամուր ու չեն շերտավորվի: 

 

Եթե ձեռքերի վերին հատվածում անհարթություն կա (սագամաշկ), կարելի է առավոտյան և երեկոյան խոզանակով ու օճառափրփրով մաշկը թեթևակի մերսել: Ընդամենը մեկ շաբաթ անց արդյունքը կզգաք: Կարելի է հագնել բամբակե ձեռնոցներ, նախապես դրանք ծածկելով սնուցող քսուքի շերտով, ձեռնոցները ձեռքերին թողնել մեկ-երկու ժամ, կարելի է նաև ամբողջ գիշերը:

 

Որքան էլ նուրբ լինի ձեռքերի մաշկը, այն գրավիչ չէ, եթե խնամված ու մաքուր չեն եղունգները, որոնց հարդարումը պետք է վստահել միայն մասնագետի: Անհրաժեշտ է դրանք հաճախակի մշակել խարտոցով և փափկեցնող քսուք քսել: Լավ արդյունք են տալիս հատուկ գելերը, որոնք նախատեսված են եղունգների արտաքին շերտի ամրացման համար: Եղունգների լաքը պաշտպանիչ շերտ է, որը պետք է հեռացնել վիտամինացված միջոցներով:

 

Եղունգները չշերտազատվելու համար ընդունեք վիտամին A կամ այն պարունակող սննդամթերք: 

 

Հիշե´ք

 

որ արհեստական եղունգները վնասում են բնական եղունգներին:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ